ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կասկածելի դպրոցներն առանձնացվել են

Կասկածելի դպրոցներն առանձնացվել են
31.10.2008 | 00:00

ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ։ Նա անդրադարձավ երեք հիմնական թեմաների՝ առարկայական նոր ուղեցույցներին, այս տարվա ավարտական և միասնական քննությունների վերլուծությունների արդյունքներին և ընթացիկ գնահատումներին։
Ըստ Մ. Մկրտչյանի՝ ԳԹԿ-ի իրական նպատակը ոչ թե քննություններ կազմակերպելն է, այլ հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատումն իրագործելը, ինչը կնպաստի հանրակրթության ընդհանուր մակարդակի բարձրացմանը։ Եվ այդ իմաստով գնահատման և թեստավորման կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը լինելու է ընթացիկ քննությունների կազմակերպումը։ Արտաքին քննությունները նախ կներդրվեն հանրապետության 10 ավագ դպրոցների և ընտրված մի քանի կրթօջախների նախաքննական դասարաններում։ Նման առաջին քննությունները մաթեմատիկա, հայոց լեզու, պատմություն առարկաներից կանցկացվեն այս տարվա դեկտեմբերի վերջին, ապա՝ 2009 թ. մարտին, և ուսումնական տարվա ավարտին ԳԹԿ-ն հստակ կունենա 8-րդ և 10-րդ դասարանցիների կրթական ընդհանուր մակարդակի պատկերը։ Այս համակարգը մի քանի տարվա ընթացքում կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում, կկազմակերպվեն ընթացիկ, փոխադրական և ավարտական քննություններ։
Մանուկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ մանրամասն վերլուծվել են այս տարվա ավարտական և միասնական քննությունները։ Արդյունքները բավական խոսուն են։ Այդ վերլուծությունների արդյունքում առանձնացվել են այն դպրոցները, որոնք կասկածելի են։ Կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կայցելի տվյալ դպրոցներ՝ պարզելու, թե ինչ գործոններ են ազդել քննությունների արդյունքների վրա, այդ կասկածելի դպրոցներում ինչպիսին է վիճակը։ ԳԹԿ տնօրենը, սակայն, չհրապարակեց այդ կրթօջախների անունները։ Մ. Մկրտչյանը հայտնեց, որ ԳԹԿ աշխատակիցներն այցելություններ են կազմակերպում հանրապետության տարբեր մարզեր և հանդիպում են դպրոցների տնօրենների ու մարզպետարանների կրթության վարչության աշխատակիցների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են տվյալ մարզի դպրոցների ավարտական քննությունների արդյունքները, նշվում են քննությունների ընթացքում տեղ գտած թերությունները և առաջարկվում դրանց շտկման ուղիները։ «Բացի այդ, մենք նաև լսում ենք տնօրենների և վարչության աշխատակիցների առաջարկություններն ու դիտողություններն ավարտական քննությունների անցկացման ընթացակարգի վերաբերյալ»,- հավելեց նա։ Նման հանդիպումները նպատակ ունեն շտկելու առկա թերությունները։
Մ. Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ բոլոր առարկաների ուղեցույցներն արդեն պատրաստ են, և մինչև նոյեմբերի վերջ բոլոր շրջանավարտները դրանք կստանան անվճար։ Անցած տարվա ուղեցույցները վերատպվել են, անհրաժեշտության դեպքում կատարվել են որոշակի լրացումներ։ Էական փոփոխություններ են կատարվել մաթեմատիկայի ուղեցույցում։ Փոխվել է նաև այս առարկայի թեստի կառուցվածքը։
Մ. Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ ԳԹԿ-ն կհրատարակի թեստերի ժողովածու, որը վաճառքի կհանվի բավականին էժան գնով և հասանելի կլինի բոլոր դիմորդներին։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4736

Մեկնաբանություններ